Վրաստանը կարիք ունի շարունակելու ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված ջանքերը, հատկապես քաղաքական բազմակարծության եւ մամուլի ազատության ոլորտներում: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին հրապարակված զեկույցում:
ԵՄ-ն որպես հիմնական մարտահրավերներ նշել է նաեւ աղքատության վերացումը, զբաղվածությունը եւ սոցիալական քաղաքականությունը, քաղաքացիական ծառայության բարեփոխումը:
Նշվել է, որ 2009թ. Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցերի դեմ իշխանությունները ուժ չեն գործադրել` դրանով իսկ առաջընթաց արձանագրելով 2007թ. նմանատիպ իրադարձությունների համեմատ:
Զեկույցը նշում է, որ Վրաստանի նախագահի կողմից հայտարարված «ժողովրդավարական բարեփոխումների երկրորդ ալիքը» շարունակվել է 2009 թ.-ին: Այն ներառում է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհդրդարանի դերի ուժեղացում գործադիրի նկատմամբ, ընդդիմության զգալի մասնակցությունը որոշումներ ընդունելու գործընթացում, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, արդարադատության համակարգի անկախության ամրացում եւ մամուլի ավելի լայն ազատություն: Նշվում է, որ Վրաստանի քաղաքական կյանքի բեւեռացումը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ իրական քաղաքական բարեփոխումների համար:
Տնտեսության համար 2008 թ. օգոստոսի պատերազմը, զուգորդվելով համաշխարհային տնտեսական անկմամբ, ավելացրել է ճնշումը կառավարության վրա` դիմագրավելու սոցիալ- տնտեսական մարտահրավերներին:
Ըստ զեկույցի, կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանը կարեւոր ջանքեր է իրականացրել` իրավական փոփոխությունների եւ բարեփոխումների միջոցով Եվրոպայի խորհրդի GRECO-ի խմբի առաջարկությունները կիրառելու ուղղությամբ:
Վրաստանում հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցների խնդիրը մնում է որպես մտահոգության հիմնական առարկա, այն համարվում է խիստ բեւեռացված եւ կողմնակալ` հօգուտ իշխանությունների:
Նշվում է, որ 2009 թ. համար նախատեսված կենսաչափական չափորոշիչներով անձնագրերի տրամադրումը տեղի չի ունեցել, սակայն այդ ուղղությամբ նախապատրաստական քայլեր են իրականացվել:
2009թ. նոյեմբերին ԵՄ եւ Վրաստանը ընդունել են «Տեղաշարժի գործընկերության» մասին համաձայնագիր` ուղղված միգրացիայի ոլորտում համագործակցություն ծավալելուն (ԵՄ կողմից մասնակցում են 16 անդամ երկրներ):
Մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2009 թ. նոյեմբերին: Ստորագրումը նախատեսված է 2010 թ. ընթացքում:
Վրաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որպես կասպիական էներգակիրների տարանցիկ երկիր, դերակատարություն ունենալ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Զեկույցում Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաեւ առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման նկատմամբ: 2008 թ. պատերազմից հետո ԵՄ-ը Վրաստանին հատկացրել է 500 մլն. եվրո աջակցություն` 2008-2010 թթ. համար:
2009թ ընթացքում ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 137 հայտարարություններից Վրաստանը միացել է 97-ին։




























