Մայիսի 21-ին կայանալիք «Վերջին զանգի» նախաշեմին շրջանավարտներին եւ ծնողներին խոսք է հղել ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, որում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Ճանապարհային ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի շրջանավարտները կարողանան ուրախ տրամադրությամբ ավարտել տոնակատարությունները։ Ճանապարհային ոստիկանությունը ծնողներին հորդորում է ավտոմեքենայի ղեկը չտրամադրել անչափահաս երեխաներին` ողբերգական հետևանքներից զերծ մնալու համար։
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. մայիսի 21-ին ճանապարհային երթևեկության կանոնների ոչ մի խախտում անհետևանք չի մնա։
Միաժամանակ, շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին ու մաղթում բարի ճանապարհ և կանաչ լույս»:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ այդ օրը սովորաբար գրանցվում են մեծ թվով ցավալի ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ անչափահասների մասնակցությամբ։


























