ՀՀ Ազգային ժողովի 12 մշտական խորհրդարանական հանձնաժողովների անվանումներում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին։ Այս մասին հանրապետության խորհրդարանում պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, Ղարաբաղի հարցերով մշտական հանձնաժողովի կազմավորման նախաձեռնության քննարկման ժամանակ, սեպտեմբերի 10-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որն ինքնատիպ ազդակ կդառնա նոր հանձնաժողովի ստեղծման համար, դեպի ապագա կատարված քայլ կխորհրդանշի։

«Եթե այսօր մենք միասնական չլինենք այս հարցում, ապա էլ ո՞ր դեպքում եք միասնական լինելու»,- ասել է խորհրդարանականը։

Բացի այդ, ինչպես նշել է ընդդիմադիրը, ուշադրության առնելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակիորեն կապված է արտաքին քաղաքականության հետ եւ գերակա է Հայաստանի արտաքին քաղաքականության համար, ուստի այն պետք է ներառել արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի գործառույթում՝ հատուկ շեշտադրելով հանձնաժողովի անվանման վրա։

«Կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետության համար առաջնահերթ եւ կենսականորեն կարեւոր խնդիրները չեն կարող ածանցյալ նշանակություն ունենալ։ Հետեւաբար, Ղարաբաղի վերաբերյալ առանձին մշտական խորհրդարանական հանձնաժողովի բացակայության պայմաններում արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի վերանվանումը եւ Ղարաբաղի խնդրի լուծման հարցերի ամրագրումը նրա իրավասության ոլորտում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ունեն առաջնահերթ նշանակություն»,- ընդգծել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ բավական երկար եւ բուռն քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը՝ հանձին կառավարող կուսակցության, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության առաջարկած նախաձեռնությանը։ Այսպես, չորս պատգամավոր պաշտպանեց նախաձեռնությունը, յոթ պատգամավոր ձեռնպահ մնաց։