Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին ուշադրության արժանի չեն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարծում եմ, որ այս մեկնաբանությունները նույնիսկ ուշադրության արժանի չեն: Մենք սովոր ենք նման անհիմն ռուսաֆոբական հայտարարություններին», - ասել է Լավրովը ժամանակակից լրագրության 25-րդ հոբելյանական ֆորումի ժամանակ:
Ռուս նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսներով եւ աջակցություն ստացել՝ այդ թվում Ուկրաինայի արեւելքում, այժմ հայտարարում է, որ նրանք, ովքեր ապրում են Ուկրաինայում եւ իրենց ռուս են համարում, պետք է մեկնեն Ռուսաստան:
Լավրովը հայտարարել է, որ լավ չէ, եթե Ուկրաինայի նախագահը փորձում է այս կերպ ժողովրդականություն վաստակել: «Մենք հիանալի տեսնում ենք, թե ինչպես է նա կատարում խոստացածը... Ես այստեղ ՈւՀԱ-ի երանգներ են տեսնում: Գուցե այս ճանապարհո՞վ պետք է նվաճել ընտրողների սրտերը: Սակայն տխուր է, եթե այլ ճանապարհ չկա», - ասել է Լավրովը:
Ավելի վաղ Կիեւում կայացած YES Brainstorming ֆորումի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմը, եւ իրադարձությունների նման զարգացման դեպքում «սա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը»: Զելենսկին կարծում է, որ ուկրաինացիներն ու ռուսները դարձել են թշնամիներ, եւ այժմ նրանց միջեւ անջրպետ կա: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը վտանգ է տեսնում Զելենսկու հայտարարություններից հետո, հայտարարել է, որ չէր ցանկանա ապոկալիպտիկ ակնկալիքներ ունենալ:





























