Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել միջազգային հանրությանը վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ սնեփբեք (snapback) գործընթացի շրջանակում, որը նախատեսված է իրանյան միջուկային ծրագրով՝ ՀՀԳԾ-ով, հաղորդում է ТАСС-ը:

«Իրանը չի կատարում իր կողմից ստորագրված համաձայնագիրը, ուստի չկան հիմքեր ենթադրելու, որ կկատարի որեւէ համաձայնագրի դրույթներն ապագայում: Ժամանակն է գործել: Ես կոչ եմ անում երկրները, որոնք դեռեւս միջուկային համաձայնագրի անդամ են, պատժամիջոցներ սահմանել, որոնք նախատեսված են դրանով: Ժամանակն է իրագործել սնեփբեք»,-ասել է նախարարը:

«Ժամանակն է, որ բոլոր միջազգային գերտերությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, միանան համաշխարհային կայունություն ապահովելու արշավին»,-հավելել է Գանցը:

ՊՆ ղեկավարը մեղադրել է Իրանին կազմակերպված ահաբեկչական բանակների օգտագործման մեջ, որոնք օգնում են Իրանին հասնել տնտեսական, քաղաքական եւ ռազմական նպատակներին:

Գանցի խոսքով՝ Իրանի կենտրոնական մասում Քաշան փորձադաշտի բազան օգտագործվում է Եմենից, Իրաքից, Սիրիայից եւ Լիբանանից ահաբեկիչներ վերապատրաստելու եւ իրանյան արտադրության ԱԹՍ-ներ կառավարելու հմտություններ փոխանցելու համար: