Սոմալիի վարչապետ Մոհամեդ Հուսեյն Ռոբլեն արգելել է նախարարություններին, պետական ծառայություններին եւ ընկերություններին գումար ստանալ երկրի Կենտրոնական բանկի հաշիվներից առանց նրա թույլտվության, հաղորդում է Garowe պարբերականը:

Արգելքը տարածվում է նաեւ ֆինանսական միջոցների վրա, որոնք տրամադրվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Այդպես Սոմալիի վարչապետ Ռոբլեն հակազդում է Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլախ Մոհամեդին:

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, նրանք հանդիպել են, որի ժամանակ փորձ է արվել հաղթահարել ծագող տարաձայնությունները, սակայն դա ավարտվել է անհաջողությամբ: Կողմերը միայն կարողացել են պայմանավորվել շփումների հետագա պահպանման մասին:

Սեպտեմբերի 9-ին Մոհամեդը մեղադրել է Ռոբլեին վատ կառավարման մեջ, երբ վարչապետն աշխատանքից ազատել է ներքին անվտանգության նախարար Հասան Հունդուբեյ Ջիմալին եւ նոր նախարար նշանակել խորհրդարանի պատգամավոր Աբդուլախ Մոհամեդ Նուրին: Նախագահն անվանել է այդ հրաժարականն անօրինական եւ սահմանադրությանը հակասող քայլ, եւ հայտարարել, որ նախարարը կշարունակի կատարել իր պարտավորությունները: