Հայ-բրիտանական միջկուսակցական պատգամավորական խմբի հիմնադիր եւ գործադիր քարտուղար Օդեթ Բազիլը պահանջում է հանել Մեւլութ Չավուշօղլուին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից:
Նրա խոսքով, Չավուշօղլուն իրեն իրավունք է վերապահել հանդես գալ որպես թուրք խորհրդարանական, որը ղեկավարվում է այլ երկրի նկատմամբ ատելությամբ, ինչը դիվանագիտական արարողակարգի անթույլատրելի եւ լուրջ խախտում է:
«Արդյո՞ք պարոն Չավուշօղլուին իրավունք է տրվել ֆես եւ թուրքական հագուստ կրել, որին ավարտուն տեսք է տալիս յաթաղանն ու սվինը»,- ասել է Բազիլը՝ հավելելով, որ եթե ազգությամբ թուրքը ընտրվել է այդ պաշտոնում՝ ներկայացնելու եվրոպական կազմակերպությունը, նա պետք է գիտակցի, որ պետք է ծառայի այդ կազմակերպությանը՝ մի կողմ դնելով իր բացասական զգացմունքները:
Բազիլի խոսքով, հրաժարվելով այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չավուշօղլուն փաստացի դեմ է հանդես եկել ԵԽԽՎ-ին, որը ճանաչել է այդ ոճրագործությունը:



























