Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՄԱԿ Գերագույն վեհաժողովին մասնակցելու համար չորս օրով ԱՄՆ ուղեւորության ժամանակ։ ՄԱԿ ԳՎ նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Times-ին։
Պարբերականի կառավարական աղբյուրները նշել են, որ Բրիտանիայի վարչապետը մտադիր է այցելությունն օգտագործել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների վերալիցքավորման համար, որոնք բարդ շրջան են անցել զորքերն Աֆղանստանից դուրս բերելու Բայդենի որոշման եւ Քաբուլից դրան հաջորդած քաոսային տարհանման հետ կապված։
Երկու երկրների ղեկավարների հանդիպման նպատակը կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ կոնֆերանսի պատրաստումն է, որը տեղի կունենա Գլազգոյում նոյեմբերի 1-12-ին։ The Times-ը նշում է, որ չնայած ԱՄՆ մտադրությանը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային հիմնադրամին փոխանցել 100 մլրդ դոլար, Լոնդոնում մտահոգ են, որ այդ գումարը բավարար չի լինի՝ օգնելու համար զարգացող երկրներին պակասեցնելու մթնոլորտ ածխածնի արտանետումները։
Ջոնսոնի հետ միասին Միացյալ Նահանգներ կմեկնեն նաեւ երկրի կարեւոր գերատեսչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի եւ համագործակցության գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, ներքին գործերի նախարար Փրիթի Փատելը եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը։




























