«Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ողջունել է զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի ընդունումը Հայաստանում եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել ստորագրել այն:

«Մենք ողջունում ենք Հայաստանի Ազգային ժողովի որոշումը` ապաքրեականացնել զրպարտությունը, եւ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում ստորագրել տվյալ օրինագիծը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է կազմակերպության եվրասիական ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան եւ հավելել. «Դա թույլ կտա Հայաստանին ավելի մոտենալ միջազգային ժողովրդավարական հանրությանը լիարժեք ինտեգրմանը»:

Նշենք, որ զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու մասին օրինագիծը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մայիսի 20-ին: