Միսիսիպիի վայրի բնության մասնագետը ալիգատորի ստամոքսում 6000 տարվա վաղեմության արտեֆակտ է հայտնաբերել, հայտնել է Fox News-ը:
Եղջյուրների վերամշակմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Շեյն Սմիթը որոշել է փորձել իր բախտը եւ ալիգատորի ստամոքսից դուրս բերել հնագույն նետի ծայրը եւ սուզակապարը: Սմիթը ենթադրել է, որ ալիգատորը կերել է այս առարկաները՝ մարսողությունը բարելավելու համար, քանի որ քարերն օգնում են մանրացնել կարծր ուտելիքները, ինչպիսիք են ոսկորները:
Ավելի ուշ երկրաբանն ուսումնասիրել է նետի լուսանկարը եւ հայտարարել, որ այն հինգից վեց հազար տարեկան է:
«Սկզբում մտածեցի, որ այս մասին Facebook-ում չեմ գրի, քանի որ ոչ ոք ինձ չի հավատա», - ասել է Սմիթը: Բայց ավելի ուշ որոշեցի կիսվել հետաքրքիր գտածոյի մասին տեղեկությամբ»:
Միսիսիպիի շրջակա միջավայրի որակի դեպարտամենտի երկրաբանության եւ քարտեզագրման բաժնի տնօրեն Ջեյմս Ստարնսը կարծում է, որ քարը նետի ծայր չէ, այլ որեւէ հնագույն հարմարանքի մաս, որը լծակի դեր է կատարել:
Ձկնորսական ցանցը խորտակելու համար օգտագործվող սուզակապարը մոտ չորս հազար տարեկան է: Այն պատրաստված է հեմատիտից: Ստարնսը վստահ չէ, որ դա սուզակապար է՝ չնայած ձեւի նմանությանը: «Այն կապարի պես ծանր է: Կարծես թե դրա մեջ երկու անցք կա, որոնք, սակայն, միջանցիկ չեն», - ասել է ալիգատորին բռնած որսորդներից Ջոն Համիլթոնը:





























