Մինեսոթայի նահանգի իսլամական կենտրոնում պայթյունի կազմակերպիչը 2017թ. դատապարտվել է 53 տարվա բանտարկության, տեղեկացնում է Chicago Tribune-ը։

Էմիլի Քլեր Հարին 50 տարեկան է, ժամանակին հայտնի էր որպես Մայքլ Հարի։ Վերջերս նա տրանսգենդեր է դարձել, դատապարտվել բանտարկության Բլումինգթոնում (Մինեսոթայի նահանգ) իսլամական կենտրոնի վրա հարձակման հետ կապված։ Հարին դատապարտվել էր դեռեւս դեկտեմբերին մեղադրական մի քանի կետերով, այդ թվում կրոնական համոզմունքների ազատ դավանմանը խոչընդոտելու եւ կրոնական բնույթի գույքը վնասելու համար։ Դատավճիռը կայացվել է յոթամսյա հետաքննությունից հետո, որը քննիչներին ուղղորդել էր Քլարենս (Իլինոյսի նահանգ), որտեղ հայտնաբերվել են Հարին եւ նրա երկու հանցակիցները՝ Մայքլ Մաքուորթերը եւ Ջո Մորիսը։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը հինգին, երբ կենտրոնի տարածքում գտնվող մզկիթում աղոթքի հավաքված  մոտ 20 հավատացյալ կար։ Չարագործը կոտրել է աղոթատան ապակին, ներս նետել ինքնաշեն պայթուցիկ սարքը, ինչից հետո դիմել է փախուստի։ Պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհը հաջողվել է արագ մարել։

«Կրոնական եւ ռասայական բազմազանությունը այս երկրի ուժն է։ Նա, ով սա չի հասկանում, չի հասկանում նաեւ այս երկրի սահմանադրական խոստումը, որն այստեղ է բերել մարդկանց հսկայական թվաքանակ»,- ասել է դատավորը վճիռը կայացնելիս։