Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած Ֆիզգորոդոկի բնակիչներին քաղաքապետարանից չընդունեցին։

«Բակում զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Նրանք ծանոթացան գործի մանրամասներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Մինչ այդ ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին, քանի որ նրանք փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ: