Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի էթիկայի եւ պահվածքի կանոնների հիման վրա ես պարտավոր եմ ապահովել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, եւ քանի որ իմ հարցը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, ես չեմ կարող դրան պատասխանել։ Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց թեկնածուներից մեկը, դատավոր Հրաչ Այվազյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում է զբաղեցրել թեկնածուն, երբ իմացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանի շենքերը շրջափակելու գործընթացին մասնակցելու համար քաղաքացիներին ուղղված կոչի մասին։ «Եթե չլինեին օրենսդրական սահմանափակումներ, վստահ եղեք, որ ես այդ ամբիոնից պարտադիր կպատասխանեի ձեր բոլոր հարցերին»,-վստահեցրեց Այվազյանը։

Իր հերթին, «Հայաստան»-ի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ կպատասխանի թեկնածուի փոխարեն։ Նրա կարծիքով՝ ՀՀ կառավարությունը կոպտորեն խախտել է հակակշիռների մեխանիզմներն ու իշխանության տարբեր ճյուղերի զսպման սկզբունքները։