Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհրաժեշտ է համարում առաջիկա տասը տարվա ընթացքում Ֆրանսիայի քաղաքների փողոցներում ոստիկանների եւ ժանդարմների թիվը կրկնապատկելը: Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի մամուլի ասուլիսում՝ ամփոփելով իրավապահ մարմինների աշխատանքի վերափոխման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ նշել ժամկետները, 10 տարվա ընթացքում զգալիորեն մեծացնել, կարելի է ասել՝ կրկնապատկել ոստիկանների եւ ժանդարմների ներկայությունը հասարակական վայրերում»,- ասել է պտության ղեկավարը: Նրա խոսքով՝ ոստիկանների ներկայությունը փողոցներում հանցագործների համար զսպող գործոն է եւ օգնում է նվազեցնել քրեական իրավիճակը:

Մակրոնը նշել է, որ պարեկային ծառայությունների ուժեղացումը «կպահանջի աշխատանքային ժամերի չափանիշների վերանայում»: Նա ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը սպառիչ քննարկումներ անցկացնել աշխատողների աշխատանքային ցիկլերի վերաբերյալ: Նա նաեւ հանդես է եկել իրավապահ մարմինների աշխատակիցների վարչական աշխատանքի ծավալի կրճատման օգտին:

Երկրի ղեկավարը նաեւ ասել է, որ այժմ փողոցում յուրաքանչյուր պարեկության առնվազն մեկ մասնակցի տրամադրվում է տեսախցիկ: «Սա ոչ միայն օգնում է կանխել բռնությունը, այլեւ լավ օգնություն է դատավարության դեպքում: Արդեն գործում է 15 հազար տեսախցիկ, եւս 15 հազար տեսախցիկ կբաժանվի առաջիկա շաբաթների ընթացքում: Այն, ինչին մենք պետք է ձգտենք մինչեւ 2022 թվականի վերջը, տեղում յուրաքանչյուր աշխատակցի անհատական տեսախցիկով զինելն է»,- ասել է Մակրոնը: