Օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանն այսօր անդրադարձել է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանը: «Ես ուզում եմ իմ բողոքը հայտնել Կրթության նախարարին եւ ԲՀԿ-ից մի կին պատգամավորի, երբ նրանք ասում են. „Ուզում եք լավ կրթություն, ուրեմն պետք է լինեն նման դպրոցներ“: Կարծես թե վատ կրթության մեղավորը հայոց լեզուն է: Սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին: Ես չեմ ասում մենք իդեալական լեզու ունենք, գտնում եմ, որ այն պետք է ռեֆորմացվի, գտնում եմ, որ դրա վրա փող չենք ծախսել, այն չի կոմպյուտերիզացվել: Սա համար մեկ խնդիրն է պետական լեզվի»,- ասել է նա՝ հիշեցնելով, սակայն, որ անգլիացի գրող Բայրոնը հայերենը համարել է աստվածային լեզու:

Հենց այդ պահին դրսից լսվեց դուդուկի երաժշտություն, ինչին անմիջապես արձագանքեց Բագրատյանը՝ նշելով, թե «արդեն թաղում են լեզուն»:

«Այսօր մեր լեզուն ասում է օգնեք ինձ, օգնության ձեռք մեկնեք: Գուցե ինչ որ բաներ պետք է վերանայենք, գուցե շատ է կոնսերվատիվ: Մի բան է փաստ, որ հայերենը սանսկրիտից եկող լեզու է: Սա միակ ազգն է, որ հնդեվրոպական լեզուն ստացել է իր բնօրրանում»,- կարծիք հայտնեց նա՝ ընդգծելով. «Լեզուն եւ պետական անկախությունն ազգությունը դարձնում են ազգ, իսկ դրանց բացակայությունը ազգը դարձնում են ազգություն»:

Բագրատյանը համարում է, որ կարելի է որոշ դպրոցներում անցկացնել լեզվական խորացված ուսուցում, բայց դպրոցը պահելով հայերեն: Նրա խոսքով, այս խնդիրը հանրաքվեով լուծվող խնդիր պետք է լինի:

Այնուհետեւ անդրադառնալով «ազգային արժեքներ» հասկացությանը, նա նշել է, որ ազգային է այն արժեքը, որը միաժամանակ համամարդկային է: «Կոմիտասի երաժշտությունը համամարդկային է: Փայլուն օրինակ են Արամ Խաչատրյանը, Խորենացին, որոնք ազգայինը բարձրացրել են համամարդկային մակարդակի: Պետք է այլոք գնահատեն, որ արժեք համարվի: Եթե ինքդ քեզ գովում ես, դա արժեք չէ, պետք է ուրիշները գովեն»,- ասաց նա: