Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վախկոտ եւ դավաճան է անվանել այն արվեստագետներին, ովքեր հրաժարվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում Բելառուսի իշխանությունների հետ նախկին համագործակցությունից՝ հայտարարելով, որ նրանց մեջ կան նաեւ ռուս «մեծ» արվեստագետներ:
«Արվեստագետների, լրագրողների, ստեղծագործական այլ մասնագիտությունների մարդկանց, նկարիչների, քանդակագործների համար տարին հեշտ չէր, առաջին հերթին նրանք տեսադաշտում էին... հարձակումների մի ամբողջ փոթորիկ (իշխանությունների ընդդիմախոսների կողմից) վրա հասավ նրանց: Քչերը դիմակայեցին: Ես այժմ կարող եմ ձեզ մի քանի ազգանուն ասել՝ ոչ միայն մեր, այլեւ, առաջին հերթին, ռուսների, մեծերի, ովքեր քարշ էին գալիս այստեղ՝ Բելառուսում, խնդրում էին օգնել դահլիճների, համերգների, հանդիսատեսների հարցով, մրցանակներ էին ստանում, եւ վախկոտի պես պոչներն իրենց քաշած, լավագույն դեպքում փախան, թաքնվեցին»,- երեքշաբթի օրը տարբեր ոլորտների նշանավոր գործիչներին պետական պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքերը մեջբերված են Բելառուսի պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
Լուկաշենկոյի կարծիքով՝ «նրանք արվեստագետներ չեն, նրանք ստեղծագործ աշխատողներ չեն, նրանք նույնիսկ վախկոտ չեն, նրանք դավաճաններ են»:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում Լուկաշենկոն վեցերորդ անգամ հաղթեց, ԿԸՀ տվյալներով՝ հավաքելով ձայների 80,1%-ը, երկրում սկսվեցին ընդդիմության զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ճնշելու համար ուժայինները, ի թիվս այլ բաների, օգտագործեցին հատուկ միջոցներ եւ հատուկ սարքավորումներ։ Փետրվարի 11-ին Բելառուսի ՊԱԿ-ը հայտարարեց, որ իրավիճակը երկրում կայունացել է, բողոքի ցույցերի գագաթնակետն անցել է, դրանց դրսեւորումները գործնականում անհետացել են:
Ընդդիմության կողմնակիցները սոցիալական ցանցերի միջոցով հաճախ դիմել են հասարակական գործիչներին՝ բողոքի ակցիաներին աջակցելու համար, այդ թվում՝ կոչ են արել արվեստագետներին ձեռնպահ մնալ Բելառուսում ելույթներից՝ մինչեւ իշխանությունը փոխվի։





























