Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այն մարդկանց, ովքեր խնայողություններ ունեն, խորհուրդ է տվել կամ թանկարժեք մետաղներ գնել, բայց ոչ ոսկի, այլ ասենք պլատին, կամ անտիկվարիատ, արվեստի արժեքավոր գործեր գնել, որոնց գինն ընկել է, սակայն հետո կբարձրանա: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախկին վարչապետն անդրադարձել է նաեւ ՀԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրներին՝ նշելով. «Իհարկե, ժամանակը գնում է, երկիրը հայտնվում է մեծ տերությունների ազդեցության տակ, իսկ մենք չենք կարողանում իշխանափոխություն անել, որը, ճիշտ է: Եթե մենք մնում ենք քաղաքական ուժ, մենք պետք է ձեւը գտնենք` կամ իշխանափոխություն անենք, կամ էլ կկորենք կգնանք, ինչքան էլ գեղեցիկ ու խելոք լինենք: Կամ էլ հեռանանք, որպեսզի տեղներս զիջենք մեկ ուրիշ սերնդի, որը իշխանության հասնելու միջոցների մեջ ավելի ազատ կլինի»:
Դիտարկմանը, որ ՀԱԿ-ի համակիր բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը սկսել է խիստ քննադատության ենթարկել կոնգրեսին՝ նրան համարելով «դեստրուկտիվ» ուժ, Բագրատյանն արձագանքել է. «Վատ բան չեմ տեսնում Մարինե Պետրոսյանի հրապարակումներում, եւ որքան հասկանում եմ, Մարինեն ցանկանում է ինչ որ բան շտկել կոնգրեսում: Ես հաճույքով, եթե չեմ էլ կարդում, թերթում եմ նրա հոդվածները: Լավ է, որ արտահայտվում է»:



























