«Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային 7-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11-18-ը, Երեւանում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կինոփառատոնի մամուլի ծառայությունից, փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից` այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից եւ այլն։ Մրցութային ծրագիրը կպահպանի արդեն հայտնի ձեւաչափը. 3 մրցութային ծրագրերում` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական ֆիլմերի եւ Հայկական համայնապատկեր, կմրցեն ստացված հայտերից ընտրված լավագույն աշխատանքները։
«Ոսկե Ծիրանը» կանցնի հայկական կինոյի հատուկ շեշտադրությամբ։ Այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբելյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաեւ կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը։ Հայկական կինոյի այս վառ անունները հանրությանը արժանի կերպով ներկայացնելու համար նրանցից յուրաքանչյուրի մասին հոլովակներ կնկարահանվեն, կտպագրվեն առանձին ազդագրեր, նրանց ստեղծած ու նրանց մասնակցությամբ ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով։ Հոբելյանի առթիվ լույս կտեսնի նաեւ Ալբերտ Յավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաեւ նրա հուշերը։
Հայկական կինոյի արժեվորմանն են ուղղված նաեւ 2 սփյուռքահայ ռեժիսորների հոբելյաններին նվիրված հատուկ ծրագրերը` Անրի Վեռնոյ-90 եւ Ատոմ Էգոյան-50: Փառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ։
Հարուստ ֆիլմացանկով կներկայանա Երեւանյան պրեմիերաներ ծրագիրը, որը կմատուցի Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի «Մեղրը», հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6»-ը, լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` «Փոխայց»-ը, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց»-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչված»-ը եւ այլ ժապավեններ:
Այս տարի նույնպես «Ոսկե Ծիրանի» շրջանակներում կկայանան համաշխարհային կինոյի մի քանի անվանի ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաեւ կանցկացվի առանձին ռուսական ծրագիր` նվիրված Հաղթանակի 65-ամյակին։


























