Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ նշել Պատրիկ Դեւեջյանի անձնական կարեւոր ներդրումը այդ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տավուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008 թ. սկսել է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո իրականացվող ծրագրերին Պատրիկ Դեւեջյանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցության համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնվող համագործակցության եւս մեկ վկայություն է:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ միջպետականին զուգահեռ, ակտիվորեն զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները եւ իրականացվող համատեղ ծրագրերը: