Տարածաշրջանում առաջին ինովացիոն կենտրոնը ստեղծվելու է Հայաստանում։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ ավելացնելով, որ կենտրոնի գլխավոր նպատակն է ստեղծել հայկական պրոդուկտներ եւ հայկական ծառայություններ։

«Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ստեղծի իր բրենդը՝ իր պրոդուկտներն ու ծառայությունները, որոնք կվաճառի արտասահմանում»,- ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ ինովացիոն կենտրոնը, որի հիմնումը նախաձեռնել է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, ստեղծվում է ՀՀ կառավարության, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրի և Երևանի Ճարտարագիտական պետական համալսարանի համագործակցության արդյունքում:

Բարսեղյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կազմում է 2,5 մլն դոլար, եւ այն ֆինանսավորվելու է 3 տարի ժամկետով։

«Վստահ ենք, որ ինովացիոն կենտրոնը կդառնա ինքնածախսածածկ կառույց»,- ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը՝ ավելացնելով, որ շուտով կսկսվեն ինովացիոն կենտրոնի շինարարական աշխատանքները։

Բարսեղյանի խոսքով՝ ինովացիոն կենտրոնը բաց է լինելու ոչ միայն ՏՏ ընկերությունների հետ համագործակցության, այլեւ ուսանողների համար։

Նշենք, որ Ինովացիոն կենտրոնը գործելու է Երեւանի պետական Ճարտարագիտական համալսարանի տարածքում։