Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած 48 աշակերտների: 2009-10 թթ. ուսումնական տարվա ընթացքում օլիմպիադաներին մասնակցել է 1415 աշակերտ, որոնցից գիտելիքներով աչքի են ընկել 286-ը` արժանանալով տարբեր կարգի դիպլոմների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նախօրեին Երեւանի քաղաքապետը դիպլոմակիր աշակերտներին մաղթել է կրթական նորանոր հաջողություններ, հիշեցրել նրանց հետագա պատասխանատվությունը հայրենիքի եւ հայրենի քաղաքի հանդեպ:

Քաղաքապետը օլիմպիական դպրոցականներին նվիրել է գրքեր. հումանիտար ուղղության դիպլոմակիրներին` Հր. Մաթեւոսյանի երկհատորյակը, բնագետ դպրոցականներին` հանրագիտարաններ: Առարկայական հանձնաժողովների նախագահներն արժանացել են դրամական պարգեւի, իսկ անձնվեր աշխատանքը գնահատվել է շնորհակալագրերով: