Վալենսիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը սկանդալին իրադարձություններ են ծավալվել 62 կգ քաշայինների պայքարից հետո: Այն բանից հետո, երբ մրցավարները չեն հաշվել 62 կգ քաշային ծանրորդ Ֆիրուդին Գուլիեւի՝ հրում վարժությունում 145 կգ-ին կատարած մոտեցումը, Ադրբեջանի պատվիրակությունը բողոքի տարափ է տեղացել մրցավարական հանձնաժողովի վրա՝ քաշքշուկի մեջ ներգրավելով նաև EWF-ի նախագահ Անտոնիո Ուրսոյին։ Սակայն կազմակերպիչների բոլոր հիմնավորումները նրանց չեն բավարարել եւ, ի նշան բողոքի, հարեւան երկրի մարզիկին թույլ չեն տվել մասնակցել վերջնական պարգեւատրման արարողությանը, որի ժամանակ Գուլիեւը պետք է կանգներ Վլադիկ Կարապետյանից մեկ աստիճան ցածր ու դահլիճում պետք է բարձրանար մեր Եռագույնը, հնչեր Հայաստանի օրհներգը։

Ավելին, ադրբեջանցիները թիկունքով են կանգնել մեր դրոշին՝ աշխարհին ցույց տալով իրենց իսկական դեմքը։ Սա, ըստ էության, քաղաքական սկանդալ է, որը քննարկման առարկա կդառնա ծանրամարտի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներում: