Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իրենց զգալի լուման են ներդրել ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այս մասին այսօր` մայիսի 21-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ Մեդվեդեւը շարունակում է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը՝ հիշեցնելով, որ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյան ու Իլհամ Ալիեւը մի շարք հանդիպումներ են ունեցել:

Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ը ՌԴ նախագահի Անկարա այցելության արդյունքում Մեդվեդեւը հայտարարել է, թե Մոսկվան ու Անկարան մտադիր են նպաստել Կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մասնավորապես՝ ԼՂ խնդրի կարգավորմանը: Նա նաեւ հավելել է, որ «Ռուսաստանը իր կողմից առաջ է մղել այդ գործընթացը՝ օգտագործելով իր հնարավորությունները, հեղինակությունն ու ազդեցությունը, խորհրդակցելով իր թուրք գործընկերների հետ»: