Microsoft Office 2010-ը հայ օգտագործողի համար հասանելի կլինի եւ Հայաստանում վաճառքի կհանվի հունիսին։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ ավելացնելով, որ այն արդեն իսկ հասանելի է ընկերության կորպորատիվ օգտագործողներին։

«Microsoft Office 2010-ի փորձարկման տարբերակը մի քանի ամիս առաջ տեղադրվել է ընկերության կայքում, եւ մինչ հոկտեմբեր կարելի է անվճար օգտագործել այն՝ նորություններին եւ կատարված փոփոխություններին ծանոթանալու համար»,- ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ Office-ի տարբեր տարբերակները Երեւանում կվաճառվեն ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի գրեթե բոլոր խանութներում, իսկ ծրագրերի փաթեթի գները համարժեք կլինեն համաշխարհային շուկում առկա գներին:

«Office 2010-ի բնակարանային տարբերակը, որը ներառում է 3 արտոնագիր եւ կարելի է տեղադրել 3 համակարգչում, կարժենա 150 դոլար, իսկ ձեռնարկությունների համար նախատեսված MS Office 2010 Enterprise կլինի՝ 500-600 դոլարի սահմաններում»,- ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը: