«Օտար լեզուներով ուսուցումը Հայաստանում պետք է տարվի մասնավոր, սահմանափակ թվով ավագ դպրոցներում, որտեղ հայագիտական բլոկը՝ հայոց, լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն, պետք է պահպանվեն»,- այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով «Կրթության մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները:
Ըստ Բախշյանի՝ իրենք այլընտրանք չեն տեսնում:
Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առաջարկվող փոփոխությունները ռասիստական է որակում: «Ի՞նչ է, նույն կրթական համակարգում ռուսերեն կա անգլերեն պիտի ավելի լա՞վ սովորեն, քան հայկական դպրոցներում:
Պետք է կրթական համակարգի որակը բարձրացնել»,- նշեց ռուսախոս Ալավերդյանը եւ հավելեց. «Ես ինքս դրա տուժածն եմ: Հայը Հայաստանում պետք է հայերեն սովորի»:
Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե իր ընդդիմախոսները համարձակություն չունեցան իր ներկայությամբ հարցեր բարձրացնել, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ Աշոտյանի ներկայությամբ այդ հարցերն արդեն բարձրացվել էին: «Այն, ինչ կարելի էր ասել, ասվել է անձամբ իրեն»,- Աշոտյանի սուտը մերկացրեց Ստեփան Սաֆարյանը:



























