ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» (CHF) կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) այսօր` մայիսի 21-ին նշել է Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ավարտը:
NEWS.am-ը ԱՄՆ դեսպանատնից տեղեկանում է, որ արարողությանը մասնակցել են Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ծրագրերի կառավարման մասնագետ Սիմոն Սարգսյանը, Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը, դպրոցի տնօրեն Վալերի Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի, CHF-ի, Շեն ՀԿ-ի ներկայացուցիչները եւ համայնքի անդամները:
Ջուջեւանի դպրոցի մարզադահլիճը կառուցվել է 2002-2003 թվականներին: Սակայն, վերջին ութ տարիների ընթացքում տեխնիկական թերությունների պատճառով մարզադահլիճի փայտե հատակը փտել էր՝ առաջացնելով անցքեր: Ներկայումս փոխվել են փայտե հատակները, տեղակայվել է օդափոխության նոր համակարգ եւ վերանորոգվել են հանդերձարանները:
Ջուջեւանի դպրոցի 87 աշակերտներ այժմ կստանան կանոնավոր ֆիզիկական կրթություն: Ի հավելումն, համայնքը մեծաքանակ մասնակցությամբ հանդիպումների անցկացման եւ արտադպրոցական գործունեության ծավալման հնարավորություն կունենա: Մոտ ապագայում արդեն պլանավորված է վերաբացել կարատեի խմբակներ:


























