Հայաստանի ավետարանական եկեղեցիների սպասավորները հայտարարություն են տարածել օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության հետ կապված:

«Մենք` Հայաստանի Ավետարանական ընտանիքի մի քանի եկեղեցիների հովիվներս, հայտնում ենք մեր մտահոգությունը ապրիլի 20-ին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ՀՀ Գիտության եւ կրթության նախարարության „Լեզվի մասին“ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որով հանվում է ՀՀ-ում օտարալեզու ուսուցմամբ հանրակրթական հաստատությունների ստեղծման արգելանքը:

Գտնում ենք, որ օտարալեզու հանրակրթական ուսուցումը խաթարելու է մեր երկրի ապագան հանդիսացող մատաղ սերնդի լեզվամտածողությունը, անբարենպաստ ազդեցություն է թողնելու նրա ազգային ինքնագիտակցության վրա եւ վտանգ է ներկայացնելու մեր երկրի անկախ ու համակողմանի զարգացման համար:

Ելնելով այս ամենից` դիմում ենք հայ հասարակության բոլոր խավերին` բարձրացնելու իրենց ձայնը եւ Ազգային Ժողովի պատգամավորներին` գործադրելու իրենց իրավունքն ու կանխելու այդ օրինագծի ընդունումը, հավատարիմ մնալով հայ դպրոցի` Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Ռաֆայել Իշխանյան որդեգրած սկզբունքներին:

Նախանձավորության կոչ ենք անում մեր քաղաքացիներին` իրենց երեխաներին տալու միայն մայրենի լեզվով ուսուցմամբ կրթություն»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ իրենց ստորագրությունն են դրել Ռաֆայել Գրիգորյանը, Սամվել Նավոյանը, Կարեն Խաչատրյանը, Էդվարդ Մանուկյանը: