Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային շնորհավորել է Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:
Կողմերը քննարկել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր:
Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին՝ տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Արգենտինայի կառավարության վերաբերմունքի համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին:
Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում հստակ է. Ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ:
Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը:


























