ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ հանրապետությունում ընդդիմադիր տրամադրություններ կան, եւ դա բնական է: «Այս տարիներին դուք հնարավորություն եք ունեցել համոզվել, որ մեր երկրում կան ընդդիմադիր տրամադրություններ, բայց այս տարիների ընթացքում մենք չենք փորձել արհեստականորեն ընդդիմադիր դաշտ ձեւավորել: Եւ ես կարծում եմ, որ մենք ճիշտ ենք»,- ասել է նա իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Եթե մենք նման քայլեր ձեռնարկենք, դա ամենակոպիտ խախտումը կլինի ժողովրդավարական սկզբունքներից»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 23-ին առավոտյան ժամը 8-ից ԼՂՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: 16 ընտրատարածքներում բացվել են 272 ընտրատեղամասեր, որոնցից մեկը գտնվում է Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, պատգամավորական աթոռի համար պայքարն ընթանում ե՛ւ մեծամասնական (16 տեղ) ե՛ւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» (այս կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Արա Հարությունյանը)՝ 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտն Ղուլյանը)՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատի համար պայքարում են 46 թեկնածուներ: Խորհրդարանում անցողին նվազագույն շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի: Ընտրական ցուցակներում ընդգրկված է 94 900 քաղաքացի: Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե ապահովվի ընտրողների 25 տոկոս մասնակցություն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ նախորդ ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել 2005-ի հունիսի 19-ին, համամասնական ընտրակարգով 12 տեղ բաժին է հասել Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, 10 տեղ` «Ազատ Հայրենիքին», 3 տեղ` «ՀՅԴ-Շարժում-88»-ին: Մնացած 8 տեղերը զբաղեցրել են անկախ պատգամավորները:



























