ԼՂՀ նոր խորհրդարանը Արցախի ժողովրդի հետ պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի հասնի մեծ հաջողությունների ԼՂՀ միջազգային անաչման հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` մայիսի 23-ի առավոտյան խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո: Նրա խոսքով, վերջին տարիներին Ղարաբաղի քաղաքական մշակույթը սկսել է ավելի մեծ տեղ գրավել հասարակության կյանքում: «Ես հույս ունեմ, որ նոր գումարման խորհրդարանը էլ ավելի կամրապնդրի այդ մշակույթը եւ դա ինքնին կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,- ասել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին գրանցվել են 29 միջազգային եւ 31 տեղական լրագրողներ, 113 միջազգային եւ 22 տեղական դիտորդներ: Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը: Միջազգային դիտորդների թվում են «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ ազգությունների հասարակական կազմակերպությունները, Ֆրանսիական համագործակցության եւ ժողովրդավարության ինստիտուտը, էզդիական, հունական համայնքները, ռուս քաղաքագետներ, Հարավային օսիայի պատվիրակությունը, Ֆրանսիայի իրավաբանական գիտությունների ասոցիացիայի ղեկավարը եւ այլն:
Նշենք, որ մայիսի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սուր քննադատության է ենթարկել ԼՂ-ում անցկացվող ընտրությունները, դրանք անվանելով «անօրինական»: Պաշտոնական Անկրան իր հերթին, իր աջակցությունն է հայտնել Ադրեբաջնի տարածքային ամբողջականությանը եւ հայտարարել է, որ Ղարաբաղի ընտրությունները «հակասում են միջազգային իրավունքին»:



























