ԼՂՀ նոր գումարման Ազգային ժողովը մեծ ակտիվություն կցուցաբերի եւ կանի ամեն հնարավորը ԼՂ զարգացման համար: Այս մասին ԼՂՀ խորհրդարանի ընտրություններին մասնակցելուց հետո հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նրա խոսքով, ինքը եկել է ընտրությունների «հանուն երկրի ապագայի» եւ որ ոգեւորիչ է, որ հասարակությունը ակտիվորեն մասնակցում է ընտրություններին:

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, Արա Հարությունյանը նշել է, որ ակնկալիքներն ընտրություններից մեծ մասամբ արդեն իրականացել են: «Դա արդար, թափանցիկ ընտրություններն են եւ օրենքի շրջանակներում անցկացված նախընտրական քարոզչությունը»,- ասել է նա:

Պատգամավորական աթոռի համար պայքարն ընթանում եւ մեծամասնական (16 տեղ) եւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» (այս կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Արա Հարությունյանը) 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտն Ղուլյանը) 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատի համար պայքարում են 46 թեկնածուներ: Խորհրդարանում անցողին նվազագույն ժեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի: Ընտրական ցուցակներում ընդգրկված է 94 900 քաղաքացի: ընտրությունները կհամարվեն կայացած, եթե ապահովվի ընտրողների 25 տոկոս մասնակցություն: