Ժամը 11-ի դրությամբ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 20,74 տոկոս: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը: Ինչպես լրագրողներին հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, ժամը 11-ին 95303 ընտրողներից արդեն քվեարկել են 19 769-ը:

Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրողների 25 տոկոսը: Պատգամավորական աթոռի համար պայքարն ընթանում ե՛ւ մեծամասնական (16 տեղ) ե՛ւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» (այս կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Արա Հարությունյանը) 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտն Ղուլյանը) 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով:

Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատի համար պայքարում են 46 թեկնածուներ: Խորհրդարանում անցողին նվազագույն շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի: