Ամերիկայի հայկական համագումարի դիտորդները դեռեւս ոչ մի խախտում չեն արձանագրել ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություննների քվեարկության ընթացքում: «Բոլոր ժողովրդավարական գործընթացները Հայաստանում եւ ԼՂՀ-ում գտնվում են Ամերիկայի հայկական համագումարի ուշադրության կենտրոնում: Այսօրվա դիտարկումների արդյունքում մենք արձանագրել ենք ընտրողների մեծ ակտիվություն: Նույնիսկ որոշ դժվարություններ, որոնք ի հայտ են եկել ընտրատեղամասերում, կապված են նրա հետ, որ ընտրելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ է եւ ընտրատեղամասերում հերթեր են գոյանում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը: Նրա խոսքով, երբեմն քաղաքացիները բախվել են փաստին, որ ընտրացուցակներում եղել են որոշ անճշտություններ: «Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ նման խնդիրների առնչվող քաղաքացիներին հատկացվում է տրանսպորտ, որպեսզի նրանք հասնեն համապատասխան կառույցներ, ճշտեն տվյալները եւ վերադառնան քվեարկության»,- հայտարարել է Ա. Դարբինյանը:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին գրանցվել են 29 միջազգային եւ 31 տեղական լրագրողներ, 113 միջազգային եւ 22 տեղական դիտորդներ: Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը: Միջազգային դիտորդների թվում են «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ ազգությունների հասարակական կազմակերպությունները, Ֆրանսիական համագործակցության եւ ժողովրդավարության ինստիտուտը, եզդիական, հունական համայնքները, ռուս քաղաքագետներ, Հարավային օսիայի պատվիրակությունը, Ֆրանսիայի իրավաբանական գիտությունների ասոցիացիայի ղեկավարը եւ այլն: