Ժամը 18-ի դրությամբ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 59 տոկոս: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, ներկայումս 95 303 ընտրողներից քվարկությանը մասնակցել են 56 228-ը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ օրենսդրության համաձայն, ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրողների 25 տոկոսը: Պատգամավորական աթոռի համար պայքարն ընթանում եւ մեծամասնական (16 տեղ) եւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» (այս կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Արա Հարությունյանը)՝ 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտն Ղուլյանը)՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատի համար պայքարում են 46 թեկնածուներ: Խորհրդարանում անցողիկ նվազագույն շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի:



























