Իրանի իսլամական հանրապետության դիտորդները ներկայացրել են իրենց եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ՝ դրանք «ժողովրդավարական եւ օրինակելի» որակելով:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հնարավորությունները՝ մենք կարծում ենք, որ ընտրությունները լավագույնս են կազմակերպվել»,- նշել է իրանական պատվիրակության ղեկավար, դոկտոր Ռուբիկ Սարդարյանը: Նրանք նշել են, որ թեկնածուների վստահված անձինք մինչեւ վերջ եղել են տեղամասերում եւ հետեւել քվեարկության ընթացքին: Լինելով Ասկերանի եւ Հադրութի շրջաններում եւ Ստեփանակերտի մի շարք տեղամասերում՝ դիտորդները նշել են ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը:
Ընտրություններին գրանցվել են 29 միջազգային եւ 31 տեղական լրագրողներ, 113 միջազգային եւ 22 տեղական դիտորդներ:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Կան դիտորդներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Օսիայից, եւ այլն:
Գրեթե բոլոր դիտորդները նշում են ընտրողների մասնակցության մեծ տոկոսը: Ընտրությունների արդյունքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:



























