Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի՝ հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու եւ ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ»:
«Սեփական բանակում տեղի ունեցող սպանությունների ու ինքնասպանությունների աղաղակող փաստերը կոծկելու եւ խաղաղ պայմաններում կրած կորուստները հայկական կողմի վրա բարդելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել: Հաճախացել են դեպքերը, երբ դժբախտ պատահարների եւ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով զոհված ադրբեջանցի զինծառայողներին ներկայացնում են որպես փոխհրաձգության զոհեր»,- ասված է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:
«Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական բանակի ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ, եւ սահմանը խախտելու հակառակորդի նույնիսկ փոքրագույն փորձերը խստորեն պատժվելու են»,- ասված է հայտարարության մեջ:



























