Եթե Ռուսատանի Դաշնությունը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունն, ապա այդ մասին կհայտարարեր ու կճանաչեր, կամ էլ դիտորդական առաքելություն կուղարկեր ԼՂ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար՝ NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունը։ Ռուսաստանցի պաշտոնյան, հիշեցնենք, մեկնաբանելով Արցախում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարել էր. «Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես եւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները։ Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Մեր համոզմամբ՝ նրա հետագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման՝ մինսկյան գործընթացի շրջանակում հակամարտության բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»։ Հովհաննես Սահակյանը հավելել է նաեւ, որ այն երկրները, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը, պետք է օրինակ վերցնեն ԼՂ-ից, որպեսզի նրանց մոտ էլ հնարավոր լինի կազմակերպել ազատ ընտրություններ։ «Եւ ընդհանրապես, ճանաչված այդ երկրները պետք է ԼՂ-ին ընդօրինակեն բոլոր առումներով՝ թե՜ ժողովրդավարության առումով, թե պետական ինստիտուտների կայացածության աստիճանով»,- ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը։

NEWS.am-ի հարցին՝ չե՞ք կարծում, որ որեւէ հայտարարություն չանելն ավելի կոռեկտ պահվածք կլիներ ՌԴ-ի կողմից, հատկապես, որ այդ երկիրը մեր ռազմավարական դաշնակիցն է՝ իշխանական պատգամավորն արձագանքել է. «Համաձայն եմ Ձեզ հետ, բայց պետք է նշել նաեւ, որ եթե Ռուսաստանն արձագանքեր ԼՂ-ում տեղի ունեցած ընտրություններին եւ դրանց գնահատական տար, ապա այդպիսով կխախտեր անկողմնակալության սկզբունը, քանի որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ու մեզ համար անընդունելի է խնդիրն այլ ատյաններ տեղափոխելը։ Ռուսաստանն էլ է շահագրգռված, որպեսզի խնդրի կարգավորումը շարունակի մնալ Մինսկի խմբի շրջանակներում եւ գործընթացի լուծումը չտուժի»։ ՀՀԿ-ական պատգամավորը միաժամանակ կոչ է արել աշխարհին՝ ճանաչել ԼՂ անկախությունը։