2009 թվականին ճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությունը ներգրավել է հետեւյալ վարկային միջոցները.

Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009թ. ստացվել է մոտ 350 մլն-ն, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շհորհիվ տնտեսության մեջ ներարկվել է 500 մլն ԱՄՆ դոլար, Ասիական զարգացման բանկից ստացվել է 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն, ԵՄ հետ շարունակական բանակցության արդյունքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ, ՌԴ-ից ներգրավվել է եւս 500 մլն ԱՄՆ դոլար` հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով:

Այսպիսով, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, 2009-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36 տոկոս, 2008թ. 13.2 տոկոսի դիմաց, որն, ի դեպ, ծառայել է որպես «բարձիկ» կառավարության կողմից հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար:

Այնուհետեւ ՀՀ վարչապետն անդարդարձել է իրականացված հակաճգնաժամային ծրագրի ուղղություններին, նշելով, որ այդ ծրագրի տրամաբանությունն ունի երկու պարզ եւ հասկանալի ուղղություն.
1. Ենթակառուցվածքների նախագծերի իրականացում, որը կարճաժամկետ ժամանակահատվածում ստեղծում է նոր աշխատատեղեր եւ նպաստում ՀՆԱ աճին, տնտեսական ակտիվության պահպանմանը, իսկ երկարաժամկետում նպաստում է տնտեսության ընդհանուր արդյունավետության բարձրացմանը եւ արտադրողականության աճին` ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի կայուն հիմքեր:

2. Բիզնես միջավայրի բարելավում, ՓՄՁ եւ համակարգաստեղծ ձեռնարկությունների օժանդակություն:

Եվ այսպես, 2009թ. ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվել են հետեւյալ աշխատանքները.

Ըստ այդմ, 2009-ին երկրում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 411 կմ ճանապարհահատված` 2008 թվականի 163 կմ դիմաց: Մասնավորապես, պետական բյուջեի հաշվին նորոգվել է 112 կմ, իսկ 299 կմ` ներգրավված վարկային միջոցների հաշվին: 2010-ի ապրիլին վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Երեւանի ՋԷԿ-ը, որը 2.5 անգամ ավելի քիչ բնական գազ է ծախսում` կրճատելով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Սա հնարավորություն է տվել գազի թանկացման պարագայում անփոփոխ թողել էլեկտրաէներգիայի սակագները եւ էապես մեծացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը: 2009-ին կառուցվել են Գյումրի քաղաքում 1056 բնակարանից բաղկացած 22 բազմաբնակարան շենք եւ Սպիտակ քաղաքում` 220 բնակելի տուն: Պետական բյուջեի միջոցներով ավարտվել են Ստեփանավան քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի կառուցումը, Մարալիկի N34 շենքի 20 բնակարանների շինարարությունը: Կառուցված բնակարանների հատկացմամբ լուծվել է Ստեփանավան եւ Մարալիկ քաղաքներում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած համապատասխանաբար 42 եւ 20 ընտանիքների բնակարանային խնդիրը: «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով տրամադրված վկայականների միջոցով 63 ընտանիք լուծել է իր բնակարանի խնդիրը: Աղետի գոտու շինարարության համար ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 25 մլրդ դրամ: