«Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ստեղծել են ՀՀ տնտեսական աճի վերականգնման կայուն հիմքեր, ինչը որ նպատակադրել էինք»,- 2009 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այդ միջոցառումների արդյունքում է, որ 2009-ի կեսերին 18 տոկոսի հասնող տնտեսական անկումը իջեցվեց 14,4 տոկոսի, իսկ 2010-ի առաջին 4 ամսում արձանագրվել է 7,2 տոկոս տնտեսական աճ:

Այնուհետեւ նա անդրադարձել է 2010-ի կատարման ընթացքում գտնվող ծրագրերին: Ըստ այդմ, աշնանը շահագործման կհանձնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը` մոտ 450 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որի ամբողջ արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի արտահանմանը` այդպիսով բարելավելով առեւտրային հաշվեկշիռը: «Շարունակվում են նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները, եւ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ծրագրի կառավարչի կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Աղետի գոտում այս տարի կներդրվի 24 մլրդ դրամ եւ շահագործման կհանձնվի եւս 1600 բնակարան: Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրով դրա տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվության հիման վրա, արդեն ավարտվում է առաջին հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը: Այս տարվա ընթացքում կիրականացվի առնվազն 50 միլիոն դոլարի աշխատանք: Հյուսիս- հարավ երկաթգծի շինարարության նպատակով շարունակվում են աշխատանքները ներդրողների հետ, եւ 2010թ. մենք կհայտարարենք բուն աշխատանքի սկիզբը: Շարունակվում են 25 մլրդ դրամ արժողությամբ ծրագրերը ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման բնագավառներում, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության մրցունակությունը: Նշենք, որ այս գումարը 50 տոկոսով բարձր է 2009 թ. նույն ցուցանիշից: Հոկտեմբերին կավարտվի Տաթեւի վանական համալիրի վերականգնման եւ տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ծրագիրը, որը լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար»,- ասել է նա: