Ղըրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է Բելառուսն ու հանգստի է մեկնել Թուրքիա: Ինպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը, օրերս Ղըրղզստանի նախկին նախագահը Բելառուսից թռել է Բելեկ, որտեղ մտադիր է հանգստանալ: Աղբյուրը դժվարացել է նշել, թե որքան կտեւի այդ հանգիստը:

Ղըրղզստանում Թուրքիայի դեսպանատունը չի հաստատել երկրում Բակիեւի գտնվելը:

Բակիեւի հանձնման վերաբերյալ հայտարարել են, թե Ղըրղզստանի եւ Թուրքիայի միջեւ «իրավական օգնության ոլորտում բազում փաստաթղթեր են ստորագրվել»:

«Եթե համապատասխան հարցում լինի, այն կքննարկվի»,- ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Բակիեւը հարկադրված էր լքել Ղըրղզստանը եւ հրաժարական տալ, երբ ապրիլի 7-ին Բիշքեկում զանգվածային ընդհարումներ սկսվեցին ընդդիմության եւ իրավապահների միջեւ: Այն ժամանակ սպանվեց 80 մարդ: