Իսրայելը և Հունաստանը Միջերկրական ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Թուրքիայի հետ տարաձայնությունների սրման ֆոնին։ Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել է հրթիռային հարվածով թշնամու նավի ոչնչացումը, կարող են ազդանշան լինել Անկարային, նշել է The Times of Israel-ը։

Զորավարժություններին մասնակցել են իսրայելական հրթիռաավակներ և Հունաստանի ռազմածովային ուժերի մի քանի ստորաբաժանումների նավեր։ Մանևրներն անցկացվել են Իսրայելի և Հունաստանի նավատորմերի հրամանատարներ Էյալ Հարելի և Դիմիտրիոս-Էլեֆթերիոս Կատարոսի, ինչպես նաև Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսի ղեկավարությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները մշակել են ծովում սպառնալիքների հայտնաբերումն ու չեզոքացումը, նավերի համատեղ գործողությունները և թշնամու նավի ոչնչացումը հրթիռային կրակով։

Հարելը Հունաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր գործոն է անվանել Իսրայելի ռազմական ներուժի ամրապնդման համար։ Նրա խոսքով՝ համագործակցությունը երկու երկրներին թույլ է տալիս համատեղ գործել պաշտպանական և հարձակողական նպատակներով՝ ապահովելով անվտանգությունն ու նավագնացության ազատությունը Միջերկրական ծովում։

Իսրայելի և Հունաստանի ռազմական համագործակցությունը վերջին տարիներին ամրապնդվում է Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների վատթարացման ֆոնին, որը նախկինում նրա մերձավոր տարածաշրջանային գործընկերն էր։ Միևնույն ժամանակ, Անկարան և Աթենքը ավանդաբար մրցակցում են տարածաշրջանում։

Զորավարժությունները տեղի են ունեցել Լիբիայի և Թուրքիայի միջև Միջերկրական ծովում ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագրի վավերացումից մի քանի օր անց։ Իսրայելը, Հունաստանը և մի շարք այլ երկրներ հանդես են գալիս այս պայմանավորվածության դեմ։