Մայիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց եւ տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի լրատվական ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք այլ շահագրգիռ անձիք:
Հանդիպման ընթացքում Պաշտպանն ընդգծել է իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաեւ Ներսես Երիցյանին է փոխանցել օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:
Շուրջ 2 ժամ տեւած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունել են որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնել իրենց անհամաձայնությունը եւ ներկայացրել պարզաբանումներ:
Ըստ Ն. Երիցյանի, հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումները արձանագրվել են եւ առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջարկել են բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար եւ գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական է արձագանքել եւ խոստացել ներկայացնել իրենց դիրքորոշումը առաջիկա քննարկումներին:
Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի, Հայաստանում հեռարձակվող TV-ների քանակը պետք է 22-ից նվազի 18-ի: Ըստ որոշ տեղեկությունների՝ փակվող հեռուստաընկերությունների թվում են «ԱԼՄ»-ն, «TV-5»-ը, «ԱՐ»-ը եւ «Երեւանը»-ը:


























