Այսօր` մայիսի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում քննարկվելու է «Երեւան Ջուր» ընկերության ներկայացրած հայտը` ջրի սակագինը բարձրացնելու մասին: Այդպիսով, ընկերությունն առաջարկում է մանրածախ ջրամատակարարման գինը դարձնել մեկ խմ ջրի դիմաց 206, 97 դրամ` գործող 181 դրամի փոխարեն:
Այս հայտի վերաբերյալ Հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, ըստ որի՝ առաջարկվում է 1 խմ ջրի սակագինը Երեւանում սահմանել 195 դրամ, սակայն այդ 14 դրամ տարբերությունը կսուբսիդավորի Երեւանի քաղաքապետարանը, եւ բնակիչները կվճարեն հին սակագնով:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը երեկ այս առնչությամբ ասել է, որ սուբսիդավորելու են ընդհանուր առմամբ 340 մլն դրամ՝ Երեւանի համայնքային բյուջեից: Դա, ըստ նրա, սոցիալական աջակցության ծրագիր է: «Հաշվի առնելով մեր բյուջետային հնարավորությունները, Երեւանի ավագանին որոշում է կայացրել այդքանով սուբսիդավորել մայրաքաղաքի անապահով ընտանիքների ջրի սակագնի վճարը»,- ասել է նա:
Բաց է մնում հարցը, թե ինչպես է քաղաքապետարանը սուբսիդավորելու միայն անապահով ընտանիքների ջրի սակագինը, թե՞ այնուամենայնիվ այն սուբսիդավորվելու է բոլորի համար:



























