Facebook-ն պնդում է, որ աշխատում է իր հարթակներում երիտասարդներին պաշտպանելու ուղղությամբ: «Մենք ներդրել ենք պաշտպանության մի շարք միջոցներ՝ 13-17 տարեկան օգտատերերի համար անվտանգ եւ տարիքին համապատասխան փորձ ստեղծելու համար», - ասել է Facebook-ի գլոբալ անվտանգության բաժնի ղեկավար Անտիգոնե Դեւիսը Սենատի առեւտրի ենթահանձնաժողովին ուղղված գրավոր հայտարարության մեջ, հաղորդել է AP-ն:
Դեւիսի խոսքով՝ Facebook-ն այս տարվա հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում ջնջել է Instagram-ի ավելի քան 600.000 օգտահաշիվ, որոնք չեն բավարարել նվազագույն տարիքին՝ 13 տարեկանին:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը Facebook-ում ներքին հետազոտությունների հիման վրա ստեղծված մի հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Instagram-ից կախվածություն ունեցող դեռահասների համար հասակակիցների կողմից ճնշումը հանգեցնում է հոգեկան առողջության եւ մարմնի իմիջի խնդիրների, իսկ որոշ դեպքերում՝ սնման խանգարումների եւ սուիցիդալ մտքերի: Facebook-ի հետազոտողները զգուշացրել են սոցիալական ցանցերի հսկայի ղեկավարներին Instagram-ի կործանարար ներուժի մասին:
Դեւիսն ասում է, որ Facebook-ն ունի իր ներքին հետազոտությունների, ինչպես նաեւ արտաքին փորձագետների եւ խմբերի օգտագործման պատմություն` իր հավելավծներում փոփոխություններ կատարելու համար, որի նպատակը հարթակներում երիտասարդների համար ապահովության ստեղծումն է:
«Այս լսումների ժամանակ կքննարկեն Facebook-ի եւ Instagram-ի բացասական ազդեցությունները երիտասարդների եւ այլ օգտատերերի վրա: Սոցիալական ցանցերը պետք է պատասխանեն բարդ հարցերին այն մասին, թե արդյո՞ք խոշոր տեխնոլոգիական ընկերությունները դիտավորյալ վնասում են մարդկանց եւ թաքցնում դա», - ասել է սենատոր Ռիչարդ Բլումենթալը: «Բացահայտումները Facebook-ում լուրջ հարցեր են առաջացրել այն մասին, թե ինչ կարող է եւ ինչ պետք է արվի մարդկանց պաշտպանելու համար»:





























