Նրան, ում որ դաժան ծեծել են, ոչ ոստիկանությունն է գտնում, ոչ էլ մենք` այսօր հավիրված ասուլիում օմբուդսմեն Արմեն Հարությունյանն այսպես է արձագանքել մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը վերջերս ծեծի է ենթարկել ոստիկանության ներկայացուցչին։ Ա. Հարությունյանն ասել է, որ իրենց աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը խնդիր է ունեցել ոստիկանության աշխատակցի հետ՝ ճանապարհային կանոնների խախտման հետ կապված։ «Նմանատիպ խնդիր առաջացել է, ծեծի հետ կապված չէ, քննություն է գնում, կա կանխավարկած, եւ ըստ դրա դատարանը կորոշի, թե ինչ է եղել»,- հավաստիացրել է ՄԻՊ-ը՝ մամուլի տեղեկությունները համարելով «պատվիրված հոդվածների» շարքից։

«Երեւի միայն այդ լրագրողը գիտե այդ դաժան ծեծված ոստիկանի տեղը: Բայց, մի բան էլ ասեմ իհարկե, եթե պարզվի, որ այնուամենայնիվ ճիշտ վարքագիծ նա չի ցուցաբերել, դա շատ վատ է, որովհետեւ մեր գրասենյակի աշխատողին պատիվ չի բերում, եթե իրոք պարզվի, որ նա իրեն իրոք ճիշտ չի պահել: Դա ճիշտ չէ»,- ասել է Արմեն Հարությունյանը: ՄԻՊ այդ աշխատակիցը, Ա. Հարությունյանի հավաստմամբ, ամենեւին էլ բարձր պաշտոն չի զբաղեցնում ՄԻՊ գրասենյակում, ինչպես մամուլում էր գրվել։ Նա ՄԻՊ գրասենյակի մշակութային իրավունքների բաժնում է աշխատում շուրջ 6-7 ամիս։