Հայաստանի ԱԳՆ-ում մայիսի 25-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը եւ հայկական համապատասխան գործակալութունների եւ գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջեւ` ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը ողջույնի խոսքով բացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքների եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
Հայաստանի պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորություններն ու կատարված աշխատանքը:
Ամերիկյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ներկայացնում է այս ոլորտում կատարած աշխատանքները` նշելով, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում վերոնշյալ ծրագրի իրականացման համար հայկական կողմից տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունը:
Մասնավորապես գոհունակությամբ նշվել է ծրագրի իրականացման ուղղությամբ ՀԷԿ-ի, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության ապահովման կոմիտեի կողմից կատարված աշխատանքը, ներկայացվել են նաեւ առկա խնդիրներն ու անելիքները:




























