Հայկական խորհրդարանական պատվիրակության՝ մայիսի 17-ից 18-ը Չեխիա կատարած այցի նպատակը այդ երկրում առկա ադրբեջանամետ տրամադրությունները փոխելն էր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը։

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ դիվանագիտական եւ խորհրդարանական հարաբերությունները բավարար չափով ամուր չեն։ Չեխիայի խորհրդարանոււմ չկա Հայաստանի հետ բարեկամության պատգամավորների խումբ։ Գոյություն չունի ո՛չ Հայաստանի դեսպանատուն Չեխիայում, ո՛չ Չեխիայի դեսպանատուն Հայաստանում։ «Այդ վակուումից շտապել է օգտվել Ադրբեջանը, որն այդ երկրում բացել է իր դեսպանատունը»,- ասաց Նիկոյանը՝ ավելացնելով, որ իր այցի ընթացքում հայկական պատվիրակությունը փորձել է շտկել իրավիճակը։ «Չեխական կողմի հետ մենք բարեկամության խմբի եւ դեսպանատների բացման պայմանավորվածություն ենք ձեռք բերել»,- հավաստիացրեց փոխխոսնակը։ Նրա խոսքով քննարկվել է նաեւ այդ երկրի արտգործնախարարի՝ օրերս Բաքվում արած այն հայտարարությունը, թե Չեխիան հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության դիրքերից։ Նիկոյանի խոսքով, Չեխիայի ադրբեջանամետ տրամադրվածությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ երկրի բենզինի 30 տոկոսը ներմուծվում է Ադրբեջանից։

Այնուհետեւ Նիկոյանը դժգոհություն հայտնեց քրիստոնեական աշխարհում բացակայող համերաշխության համար։ «Եթե քրիստոնեական աշխարհում համերաշխություն լիներ, Կոստանդնուպոլիսը Թուրքիայի մայրաքաղաքը չէր լինի»,- նկատեց նա։ Նիկոյանը միեւնուն ժամանակ նկատեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց դիրքորոշումներն առաջ են տանում ոչ առանց ֆինանսական գործոնի կիրառման։