Հայկական դիվանագիտությունը չպետք է թույլ տար բուլղարական պատվիրակի նշանակումը Հարավային Կովկասի հարցով Եվրախորհրդարանի զեկույցի հեղինակ, հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ինքը գիտեր, թե ինչ սուբյեկտիվ է լինելու բուլղարացու զեկույցը եւ նամակ է գրել Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբին՝ զգուշացնելով այդ մասին: Ընդ որում, Ռուստամյանն ընդգծել է, որ թե՛ հայկական լոբբին, թե՛ Բրյուսելում հայկական դեսպանատունը ակտիվորեն զբաղվել են զեկույցի կանխարգելման ուղղությամբ, սակայն հաջողությունների չեն հասել: «Բայց պետք է նշեմ, որ բանաձեւի նախնական տարբերակը շատ ավելի վատն էր, քան վերջնականը: Այդուհանդերձ, զեկույցում Հայաստանի համար անընդունելի դրույթներ են մնացել, որոնք կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ տարածաշրջանի, հատկապես ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,-հայտարարել է Ռուստամյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի խորհրդարանում պետք է հատուկ խումբ ձեւավորվի, որը կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու Եվրախորհրդարանի ղեկավարության հետ:
Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կոչ է անում հայկական կողմին «անահապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:




























