Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն ԼՂՀ հիմնախնդրի լուծման յուրօրինակ առաջարկով է հանդես եկել, որը առաջիկայում նախատեսում է ներկայացնել Եվրամիությանը։ Այս մասին նա ասել է Երեւանում ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ըստ այդմ՝ ԵՄ-ն պետք է Հայաստանին, Ադրբեջանին եւ ԼՂՀ-ին ասոցիատիվ անդամակցություն առաջարկի։ «Եվրամիության օգնությամբ այս երեք հանրապետությունները կարող են շատ արագ անցնել բարեփոխումների ճանապարհով, տնտեսական վերելք ապրել եւ կարճ ժամանակ անց պատրաստ լինել ԵՄ-ին անդամակցելուն։
Շատ կարեւոր է, որ այս մասին տեղեկացվի նաեւ Ադրբեջանը, որպեսզի նրանք համոզված լինեն, որ հարցի խաղաղ լուծումն իրենց կբերի եւ՛ նյութական, եւ՛ բարոյական, եւ՛ մշակութային մեծ հաջողություններ։ Հակառակ դեպքում կոնֆլիկտի շրջանակներում մշտապես պետք է բռունցքներ թափահարվեն միմյանց վրա»,- ասել է նա ու հավելել, որ չափազանց կարեւոր է, որ ԼՂ հիմնախնդրի մասին շատ խոսվի ԵՄ-ում, որպեսզի հիմնախնդրի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեն։ Ըստ Միկլոշկոյի, այս տարբերակը չի հակասում Մինսկի խմբի գործունեությանը եւ եթե ԵՄ-ն ընդունի այս առաջարկը, ապա կաջակցի Մինսկի խմբի աշխատանքին, քանի որ Մինսկի խումբը փակուղու առաջ է կանգնել։
«Եթե Եվրամիությունը ղարաբաղյան հարցը բաց թողնի իր ձեռքից, դա կլինի առաջին նախադեպը, որի շարունակությունը կլինի Եվրամիության կործանումը։ Ապագան կոնֆլիկտների մեջ չէ, այլ համագործակցության։ Կամ Եվրամիությունը դա կհասկանա կամ խնդիրները միմյանց հետեւից կզարգանան»,- ասել է նա:



























