Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը նշել է, թե Լեհաստանի հետ հարաբերությունները վերջին շրջանում ավելի են ակտիվացել եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան: Դրան, անշուշտ, կնպաստեն նաեւ Լեհաստանի վարչապետի եւ լեհ պատգամավորների կատարած այցերը Հայաստան:

Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ներդրումը հայ- լեհական հարաբերությունների զարգացման մեջ: Այդ առումով նա կարեւորել է խորհրդարանների համագործակցությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարաբերություններն ակտիվացնելու մեծ պոտենցիալ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը եվրոպական կառույցներում: Զդիսլավ Ռաչինսկին ընդգծել է Հայաստանի Ազգային ժողովի կարեւոր դերը մեր երկրի եվրաինտեգրման գործընթացում: